4 հոկտեմբերի 2022 - 17:58 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ վերջին հաղորդագրություններով։ Մենք լիարժեք և անաչառ հետաքննության կոչ ենք անում։ Ցանկացած ոճրագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է գրառման մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։