4 հոկտեմբերի 2022 - 18:17 AMT
ԱԺ նախագահ․ Չեմ կարծում, որ Արցախ բառը կարող է լինել խաղաղության փաստաթղթի մեջ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության փաստաթղթին, ասել է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, և չկա որևէ օրինակ, որի մասին կարող են խոսել։ Նա նաև ասել է` չի կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ՝ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է։

Նա հավելել է, որ Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։ հայտնում է Արմենպրեսը։

«Միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից: Խոսքն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին է»,- ասել է Սիմոնյանը։

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագրով, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը զրկվի ինքնորոշման իրավունքից՝ Սիմոնյանը պատասխանել է․ «Տեսեք, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը վերաբերել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ։ Դա իմ անձնական կարծիքն է»։

Այն հարցին, թե որը կլինի Հայաստանի իշխանության կարմիր գիծը, ԱԺ նախագահը պատասխանել է․ «Դե հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիր»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 2-ին նախատեսված հանդիպմանը, ասել է, որ նրանք կսկսեն աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա, իսկ ԼՂ հարցը կարող է և չընդգրկվել։