4 հոկտեմբերի 2022 - 18:56 AMT
ԱՀ ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետկառույցներ և կեղծ լուրեր տարածում խաղաղապահների դուրս գալու մասին

Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և կեղծ լուրեր տարածում մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ առաջիկա օրերին չեն բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։

ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌