5 հոկտեմբերի 2022 - 12:08 AMT
Վարդանյան․ Պատրաստ կլինեմ ստանձնել պաշտոնը, եթե մեր առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան

Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի նախագահից պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկին նշել է, որ պատրաստ կլինի ընդունել այն, «եթե առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան»։

«Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված:

Այս աննախադեպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջվում: Մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու հավակնությունները և համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ հայկական աշխարհում՝ հստակ գիտակցելով մեր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը:

Ուշադրությամբ ծանոթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կլինեմ դա ընդունել այն դեպքում, եթե մեր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

Ես պետք է համոզված լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերյալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դեպքում իմ նշանակումն իմաստ կունենա»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ առաջիկա օրերին շարունակելու է իր շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանա պատասխանատու որոշում ընդունել:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել ԱՀ պետական նախարարի պաշտոնը՝ «պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին իր զբաղեցրած պաշտոնում նշանակելու մասին ԱՀ նախագահի որոշմանը, ասել է, որ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է։