5 հոկտեմբերի 2022 - 13:26 AMT
ՊՆ․ Հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջականը գնահատվում է ծայրահեղ ծանր

Հոտկեմբերի 5-ի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր։ Այդ մասին ասվում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջում։

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

«Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։