5 հոկտեմբերի 2022 - 13:35 AMT
Բորել․ Փաստ է՝ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը, բայց ավելին չենք կարող անել, քան անում ենք

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը։

«Իհարկե, Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ ինքնիշխանության տակ գտնվող տարածքները՝ օգտագործելով դրոններ ու հրետանի։ Երկու երկիրն իրար մեղադրում են հրադադարը խախտելու մեջ, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը։ Մենք ավելին չենք կարող անել, ինչ անում ենք։ Եթե կարող եք՝ հուշեք՝ ի՞նչ կարող ենք անել»,- ասել է Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հարցին, գրում է «Առավոտը»։

Կալյուրանդը փաստել է, որ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումից երկու շաբաթ անց Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց ՀՀ դեմ, ու շարունակել․ «Մի քանի օր առաջ ադրբեջանական սոցցանցերում տարածվեց հայ ռազմագերիների գնդակահարության մասին տեսանյութ։ Ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է Դուք, Ձեր գրասենյակն իրագործի։ ։

Կալյուրանդի այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է ԵՄ-ի նոր էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ համադրվել տարածաշրջանում կայունության ապահովման համար ԵՄ-ի դերակարատության հետ՝ Բորելն ասել է, թե քաղաքական զիջումներ չեն արվելու։

«Ադրբեջանը Եվրոպային գազ է վաճառում։ Այս պայմանագրի շնորհիվ գազի մատակարարման ծավալները կրկնապատկվել են։ Դա հնարավորություն է տվել գազային միջանցք բացել։ Բայց ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա քաղաքական զիջումներ չեն արվելու։ Այս էներգետիկ պայմանագիրը չպետք է վնասի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված գործընթացներին»,-ասել է Բորելը։

Բորլեը նաև ասել է, որ ադրբեջանական զինված ուժերը դեռ շարունակում են օկուպացված պահել ՀՀ տարածքները, նրա փաստմամբ՝ ադրբեջանական զինված ուժերն այնքան մոտ են ՀՀ բնակավայրերին, որ նոր կոնֆլիկտի վտանգ կա։ Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից, իսկ Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ համագործակցության հուշագիրն այս հարցի հետ կապ չունի։

Պատվիրակներից մեկը հարցրել է․ «Արդյոք Դուք կդատապարտե՞ք Ադրբեջանին նույն կերպ, ինչ ՌԴ-ին»։ Այս հարցից հետո ծափահարություններ են հնչել։

Բորելը վստահեցրել է, որ դատապարտում եմ ցանկացած պատերազմական հանցագործություն։

Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Օմորելն իր հերթին նշել է․ «Մենք գիտենք՝ ով է ագրեսորը, ով՝ զոհը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ զինվորներին։ Ինչո՞ւ Եվրոպան չի դիմում կոնկրետ գործողությունների։ Ինչո՞ւ ենք երկակի ստանդարտներ կիրառում։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չեն իրականացնում Ադրբեջանի դեմ»։

Բորելն արձագանքել է՝ ասելով, թե ինչո՞ւ են միշտ մտածում, որ ինքն ավելի պակաս եմ դատապարտում. «Ես այդ գործողությունները դատապարտում եմ այնքան, ինչքան դուք։ Բոլոր այն գործողությունները, որոնք մարդու իրավունքներն են խախտում, մենք դրանց վերաբերյալ հետաքննություն իրականացնելու կոչ ենք անում։ Իհարկե, մենք գործ ունենք սարսափելի տեսանյութերի հետ։ Իհարկե, պետք է հետաքննություն լինի։ Ադրբեջանն ասել է, որ այդ հետաքննությունն իրականացնելու է։ Հստակ է այն, որ հարձակում է եղել ՀՀ տարածքի նկատմամբ, ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը։ Մենք կոչ ենք անում հետ քաշել իրենց զինված ուժերն այդ տարածքներից»։

Հոկտեմբերի 1-ին նոր հունական ինտերկոննեկտորով ադրբեջանական գազը «Հարավային գազային միջանցքով» սկսել է մատակարարվել Բուլղարիային։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Հարավային գազային միջանցքն» ընդլայնելու մտադրության մասին, որը բաղկացած է TAP և TANAP գազատարներից։

Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։