5 հոկտեմբերի 2022 - 16:53 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Ռազմագերիների մահապատիժը ռազմական հանցագործություն է

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան, Ազգային ժողովում պատասխանելով կառավարությանն ուղղված հարցին, հայտարարել է, որ ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն։ Նրա պատասխանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։

Պատասխանելով կոնգրեսականներից մեկի հարցին՝ Կոլոնան ասել է, որ կիսում է այդ հարցում նրա վրդովմունքը և հավելել, որ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ։

Նշելով, որ նման դեպքերը չեն կարող անպատիժ մնալ՝ նախարարն ասել է, որ Ֆրանսիան կոչ է արել անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ պարզելու համար բոլոր մեղավորներին և ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն:

«Ֆրանսիան նաև կոչ է արել ազատ արձակել դեռևս կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին։ Եվ այսօր ես կրկնում եմ այս կոչը։ Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան չափազանց լուրջ են: Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ես էլ նույնն արեցի։ Մենք մասնակցել ենք նաև Անվտանգության խորհրդին, որը երկու նիստ է անցկացրել սեպտեմբերի 15-ին և 16-ին։

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքում տեղի ունեցած այս իրադարձությունները նաև բացահայտեցին, շեշտում եմ, Ռուսաստանի՝ դատավորի դեր խաղալու անկարողությունը։

Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային հանգուցալուծման համար՝ այդ թվում ԵԱՀԿ առաքելության, Անվտանգության կազմակերպության և Եվրոպայում Փաստահավաք համագործակցության առաքելության իրականացման միջոցով դրան են ուղղված մեր ջանքերը»,-ասել է նա։

Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։