14 ապրիլի 2009 - 20:24 AMT
Ադրբեջանը փորձում է ուժեղացնել իր ներկայությունը Աջարիայում
Ադրբեջանը, գիտակցելով Աջարիայի կարեւորությունը որպես Կովկասի վրա ազդեցության գլխավոր կետերից մեկը, աշխուժորեն փորձում է ուժեղացնել իր քաղաքական-տնտեսական եւ էթնիկական ազդեցությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով 2008թ. կեսերից հայկական եւ ադրբեջանական մամուլներում մշտապես հրապարակվում են հայ-ադրբեջանական հակասությունների մասին հոդվածներ, հարցազրույցներ եւ մեկնաբանություններ Աջարիայի էթնոտնտեսական ենթարկման համար: «Մասնավորապես, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վաղուց դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի եւ միջպետական սահմաններից: Այժմ արդեն հակադիր քաղաքական շահերը բախվում են միմյանց հետ ոչ միայն կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ:
Այսօր կարելի է համոզված ասել, որ Աջարիան` որպես քաղաքա-տնտեսական սուբյեկտ, համարվում է շատ պետությունների հակասությունների տարածաշրջան: Ադրբեջանն ընկալում է այդ երկիրը որպես տարածաշրջան, որտեղ Բաքուն ունի կարեւորագույն արդի խնդիրներ եւ ռազմավարական նպատակներ: Վերջին ժամանակներս Բաքվի ղեկավարությունը սկսել է իրականացնել մի շարք տնտեսական եւ ազգային նախագծեր` նպատակ ունենալով ուժեղացնել իր ազդեցությունն ի հակադրություն հայկական կողմի: Որոշ տվյալներով ադրբեջանական ձեռնարկությունները Թուրքիայի հետ իրականացնում են ափամերձյա տուրիստական գոտիների գնում, բացի դրանից կան նպատակներ` գնելու նավթային եւ նավահանգստային գոտիները: Աջարիայի ադրբեջանական սփյուռքի ջանքերը հանդիսանում են պաշտոնական Բաքվի կարեւորագույն խնդիրները: Ինքնավար հանրապետությունում ադրբեջանցիների ակտիվացման համար Վրաստանում Ադրբեջանցիների ազգային վեհաժողովը ստեղծել է մի շարք երիտասարդական կազմակերպություններ եւ սկսել է Աջարիայում ցրված ու փոքրաքանակ ադրբեջանական համայնքի հետ համագործակցության ակտիվ աշխատանք Քվեմո-Քարթլիի եւ Կախեթիայի ադրբեջանական կազմակերպությունների հետ: Բացի դրանից Աջարիայի վրաց-ադրբեջանական բարեգործական ընկերությունը բավական ուշադիր հետեւում է հայ էթնիկական փոքրամասնության եւ գործարարների, ինչպես նաեւ հայկական դեսպանատան ցանկացած ակտիվությանը: Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքվի նպատակը ոչ միայն տնտեսական շահն է, այլ նաեւ Հայաստանի առեւտրատնտեսական ճանապարհների հսկողությունը, որպեսզի կարեւոր պահին ստեղծի լրացուցիչ դժվարություններ եւ Հայաստան տարբեր ապրանքների ներկրման խոչընդոտներ»,- համարում է փորձագետը:

Աբրահամյանը նաեւ նշեց, որ մի քանի տվյալներով Աջարիայում ադրբեջանցիների թիվը զգալիորեն աճել է 1990-ականների համեմատ: Այդ ժամանակ ադրբեջանցիների քանակը մոտ 1500 էր: «Սակայն այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիվ տնտեսական ներդրումների եւ Վրաստանի տարբեր շրջաններից ադրբեջանցիների տեղափոխման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ճանապարհով նրանց թիվը հասել է 5000-ի: Իրականացվում են Աջարիայի եւ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական գործիչների մշտական այցեր, պաշտոնյա անձանց հանդիպումներ տեղական համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ ճանապարհով պաշտոնական Բաքուն օրինաչափորեն կուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում` չհանդիպելով դիմադրության ո'չ Վրաստանի, ո'չ էլ Հայաստանի կողմից: Օգոստոսյան իրադարձություններից հետո Բաքուն սկսեց փոխել իր քաղաքական ուղղվածությունը արեւմուտքի նկատմամբ եւ միաժամանակ աշխուժացրեց հարաբերությունները Մոսկվայի հետ: Բանը նրանում է, որ Բաքուն ավելի քան 15 տարի չէր կորցրել հույսը Լեռնային Ղարաբաղի հարցում ի դեմս Մոսկվայի տեսնել համախոհի, ինչը եւ պատճառ հանդիսացավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանի եւ Բաքվի միջեւ Մոսկվայի դերը այդքան վարժ կերպով շահարկելու համար: Թուրքիայի ակտիվությունը եւ նրա պայմանավորվածությունը Մոսկվայի հետ Կովկասը ազդեցության գոտիների բաժանելու հարցում հիմք ստեղծեցին Մոսկվայի եւ Բաքվի մերձեցման համար տարածաշրջանային ռազմաքաղաքական համագործակցության հարցում: Մոսկվան, որը այլընտրանքային ուղիներ էր որոնում Վրաստանը շրջանցելու ճանապարհով Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու համար, այժմ արդեն ակտիվ կերպով կդիտարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր տարբերակներ` առաջին հերթին հաշվի առնելով Բաքվի եւ Անկարայի «քմահաճույքները», քան հաշվի նստելով իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ»,- ընդգծել է Աբրահամյանը: