6 հոկտեմբերի 2022 - 10:46 AMT
Քոչարյանի գրասենյակը՝ Փաշինյանի ելույթի մասին․ Ինքնամոռաց վերարտադրում էր Ալիևի տեսակետները և մոտեցումները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշելով, որ նա «ԱԺ ամբիոնից ինքնամոռաց վերարտադրում էր Ալիևի տեսակետները և մոտեցումները»։

«Քստմնելի տեսարան էր: Եթե ելույթի ժամանակ էկրանին չնայեի, կթվար՝ Ալիևի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում:

«Սեփական կետից» բանակցություններ վարածը և այդ բանակցությունների պատմությունն ու տրամաբանությունը իր «դրական» և «կիրթ» գործընկեր Ալիևից սերտածն ինքնամոռաց վերարտադրում էր նրա տեսակետները և մոտեցումները ՀՀ ԱԺ ամբիոնից: Գուցե ոգևորվել էր Ալիևին և Էրդողանին հանդիպելու սպասումից. կարծես նրանցից սերտած դասերի քննությունը հանձներ:

Արցախը բանակցություններից դուրս թողնելու, Ստամբուլյան խարտիայի և Մադրիդյան սկզբունքների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ հրապարակված է, պետք է առնվազն թուրքական տեսակետներ կրող լինել՝ այդ փաստերը թրքահաճո դարձնելով՝ նենգափոխելու համար:

Վերոհիշյալ փաստերը կհրապարակենք ևս մեկ անգամ՝ այս կեղծիքներն ավելի ցցուն դարձնելու համար:

Ի դեպ, Ադրբեջանը կտրուկ մերժել է Մադրիդյան փաստաթուղթը՝ համարելով այն խիստ պրոհայկական:

Դիվանագիտության պատմությունը մեկօրյա կեղծիքներով ճղճղոցները չի նկատում, այդ պատմության մեջ մնում են Մադրիդյան փաստաթղթի և Ստամբուլյան փաստաթղթի նման փառահեղ հաղթանակները և, ցավոք, կմնան նաև դավաճանական՝ արդեն ստորագրված, ստորագրվելիք և բանավոր պայմանավորվածություններով կրած ողբերգական պարտությունները»,-ասվում է գրառման մեջ:

Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ կան մարդիկ, որոնք իշխանությանը մեղադրում են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ըստ նրա՝ այդ մեղադրանքները պետք է ուղղել նախորդ իշխանություններին, մասնավորապես՝ երկրորդ և երրորդ նախագահներին։ «Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, դրա հեղինակը (երկրորդ նախագահ,- խմբ) Ռոբերտ Քոչարյանն ու (ԱԳ նախկին նախարար,- խմբ) Վարդան Օսկանյանն են»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն պահից, երբ ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբուները որպես բանակցային գործընթազցի հիմք, այդ պահից ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս։

Ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: