6 հոկտեմբերի 2022 - 11:45 AMT
Փաշինյանի նախկին թիմակից․ Սուտը, թե նախկին իշխանություններն են «ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել», հերքվում է մի պարզ հարցով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ի ելույթին, գրել է, որ սուտը, թե նախկին իշխանություններն են «Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել», հերքվում է մի պարզ հարցով՝ ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման։

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտն առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս», մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլացիան»։

Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել»,-գրել է նա։

Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ կան մարդիկ, որոնք իշխանությանը մեղադրում են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ըստ նրա՝ այդ մեղադրանքները պետք է ուղղել նախորդ իշխանություններին, մասնավորապես՝ երկրորդ և երրորդ նախագահներին։ «Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, դրա հեղինակը Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն պահից, երբ ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբուները որպես բանակցային գործընթազցի հիմք, այդ պահից ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս։

Ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: