12 հոկտեմբերի 2022 - 15:39 AMT
Սահակյանը՝ գերիների նոր տեսանյութի մասին. Դեպքը եղել է սեպտեմբերին, Վերին Շորժայի դիրքերից մեկում

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Տելեգրամ ալիքներում տարածված հայ գերիներին խոշտանգելու նոր տեսանյութին, ասել է, որ տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան հարձակման օրերին Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում, տեղեկացնում է Factor.am-ը։

«Համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» ջոկատի զինծառայողները։ Մեր զինծառայողները նույնպես նույնականացված են, նրանցից մեկը սպանված է, երկուսը՝ վիրավոր։ Հակառակորդը դիերը վերադարձրել է որպես մարտի դաշտում զոհված, այդ պատճառով անհապաղ միջոցի անհրաժեշտություն չկա, որպես հիմնական գանգատ աշխատանքներ են իրականացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»,- նշել է Սահակյանը։

Հոկտեմբերի 11-ին Տելեգրամ ալիքներում տարածված հայ գերիներին խոշտանգելու մոտ 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում երեք արնաշաղախ զինծառայող է երևում, որոնցից մեկը, ըստ երևույթին, սպանված է, մյուս երկուսը՝ վիրավոր։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ տեսանյութն ուսումնասիրվում է։ Հաշվի առնելով այն, որ տեսանյութում երևացող վիրավոր հայ զինվորների դիերն է ադրբեջանական կողմը վերադարձրել, ակնհայտ է, որ նրանցից առնվազն երկուսը գնդակահարվել է տեսանյութը նկարահանելուց հետո։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Տեսանյութն արժանացել է միջազգային հանրության դատապարտմանը։ ՀՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու հայց է ներկայացրել ՄԻԵԴ։