14 ապրիլի 2009 - 22:56 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի երկրների տնտեսական զարգացմանը
ՍԾՏՀ բիզնես-խորհուրդը հայ-թուրքական գործարարների միջեւ հանդիպումներ է կազմակերպում, պայմաններ է ստեղծում տարբեր համատեղ ծրագրերի իրագործման համար: Այդ մասին հաղորդել է Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) համանախագահ Քահան Սոյակը , ով մասնակցում է Երեւանում անցկացվող ՍԾՏՀ Բիզնես խորհուրդի վարչության 37-րդ նիստին:
«Ներկայումս հայ-թուրքական միջին տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 150 մլն դոլար», -ասել է Սոյակը: Նրա խոսքերով, սահմանի բացումը զգալիորեն կմեծացնի ներմուծման ծավալները, իսկ տնտեսական հարաբերությունները կզարգանան: Թուրքիան հիմնականում գնում է հայկական հումքը: «Հայկական քարը, ցեմենտը, շինանյութերը, եւ, իհարկե, հանքերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում թուրք գործարարների համար: Հայաստանը Թուրքիային հետաքրքրում է որպես Ռուսաստանի հետ կապող օղակ, հայկական երկաթգծերը Թուրքիայի համար ճանապարհ կբացեն ինչպես դեպի Միջին Ասիա, այնպես էլ դեպի Ռուսաստան», - ասել է Սոյակը: Բացի այդ, թուրքական կողմը ծրագրում է Երեւանում բացել խոշոր սուպերմարկետ, նախագծեր կան հյուրանոցային բիզնեսի բնագավառում:
Նա նշել է, որ ավելի քան 10 տարի Խորհուրդը զբաղվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործարար կապերի զարգացմամբ: Բնականաբար, Խորհուրդը նորմալ գործել չի կարող, քանի որ քաղաքական իրավիճակը դժվարացնում է նրա գործունեությունը: Սոյակը նշել է, որ երկու կողմն էլ շատ ընդհանուր դիրքորոշումներ ունեն փոխըմբռնման հաստատման համար, եւ փոքր քաղաքական քայլեր պետք է ձեռնարկվեն երկու կողմից էլ: «Թուրքիայում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է բացել սահմանը, դրա օգտին հանդես է գալիս նաեւ թուրքական կառավարությունը», - ասել է Սոյակը: Բիզնես խորհրդի համանախագահի կարծիքով, սահմանի բացման հույս կա, հատկապես Հայաստան Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցից հետո:
ՍԾՏՀ բիզնես կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամսոն Օզարարատը նշել է, որ սահմանի բացումն անհրաժեշտ է ոչ միայն երկու երկրի զարգացման, այլ նաեւ ընդհանուր առմամբն տնտեսական զարգացման եւ տարածաշրջանի ինտեգրման համար: «Հույս ունեմ, որ տնտեսական շահը կգերազանցի, եւ մենք մոտ ապագայում արդյունքներ կունենանք», - ասել է նա: Նրա խոսքերով, սահմանի բացման հարցը չափազանց կարեւոր է: «Ցավոք, մենք քաղաքական կազմակերպություն չենք եւ չենք զբաղվում սահմանի բացմամբ: Սակայն, որպես տնտեսական կազմակերպություն, եւ տնտեսական համագործակցության մակարդակում մշտապես քննարկել ենք այդ հարցը», - ավելացրել է Օզարարատը: