Հոկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը (Ժնև նահանգային խորհրդարան) քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։
Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին) ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, հայտնում է «Առավոտը»։
Բանաձևի մյուս կետերով կոչ է արվում․
▪ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան,
▪ ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից,
▪ անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։