ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, ասել է` հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի, հետևյալն է՝ ճանապարհները պետք է մնան ՀՀ սուվերենության ներքո և գործեն ՀՀ օրենսդրությամբ:
«Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, և դրան հաջորդած ու փոխկապակցված եռակողմ հայտարարություններով ընդգծվում էր նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը:
«Եվ ահա այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքսում նաև ընդգծվում են այդ հայտարարություններում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար:
Անշուշտ, ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք կամ նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով. որ անցնում են, այդ թվում և Ձեր նշած ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանի հիմնական մասից հասնել Նախիջևան կամ, ընդհանրապես, երրորդ երկրների քաղաքացիները և բեռներն այս ուղին օգտագործելով` անցնեն իրենց ճանապարհը:
Մենք կարծում ենք, որ կարող են ավելի արդիական լուծումներ լինել այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումը և այլն: Չեմ ցանկանում այս պահին շատ մանրամասների մեջ մտնել»,-ասել է Միրզոյանը։
Հայկական կողմը մշտապես կրկնում է, որ միջանցքային տրամաբանությամբ ոչևէ հարց չի քննարկել և չի քննարկելու։ Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական արծարծմանը, ասել է, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ։