24 հոկտեմբերի 2022 - 10:29 AMT
ԶԼՄ․ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը, հավանաբար, կհանդիպեն հոկտեմբերի վերջին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ անցկացնել։ Հանդիպումը սկսել են նախապատրաստել, հայտնում է «Վեդոմոստին»` դիվանագիտական աղբյուրին հղումով։

Ըստ աղբյուրի, այդ աշխատանքը սկսվել է Պուտինի «հաշտեցնող ելույթից Աստանայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի տարածքային վեճերը»։

«Վեդոմոստիի» մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին, Մոսկվայում կամ Սոչիում։

«Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,-ասել է աղբյուրը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: