24 հոկտեմբերի 2022 - 11:51 AMT
Նախագիծ․ Մինչև 15 տարվա ազատազրկում՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների և կոչերի համար

Առաջարկում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը։ Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։

Որպես պատիժ օրինագծով նախատեսվում է սահմանել 12-15 տարի ազատազրկում։

Քրեական օրենսգրքում նախատեսվում է լրացումներ կատարել, մասնավորապես՝ 421-րդ և 422-րդ հոդվածներում, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին և իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։

Իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչերի դեպքում տուգանք է նախատեսվում տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պետության ինքնիշխանությունը (պետական ինքնիշխանությունը)՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում, այսինքն՝ ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է, և ըստ արդարադատության նախարարության՝ ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանության կարիք ունի, որը նախատեսված չէ գործող օրենսգրքով։

Նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում կուղարկվի Ազգային ժողով։