ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ և Ադրբեջանի միջև։ Նա ասել է՝ շատ կարևոր հանգամանք է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ լինեն:
«Շատ լավ կլինի ու շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել», - ասել է Փաշինյանը:
Նա կրկին ասել է, թե ժամանակին Մադրիդյան սկզբունքները ճանաչելով, այդ օրվա իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական է համարում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ՝ Փաշինյանն ասել է՝ կցանկանար, որ այդպես լինի և որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի այդ ուղղությամբ։
Նա նշել է, սակայն, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Վարչապետն ասել է, որ դա կարող է լինել իրատեսական՝ հաշվի առնելով, որ Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա տեղի է ունենալու 1991թ․ սահմանների հիման վրա։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Դիտորդներն արդեն Հայաստանում են։