Սոչիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա ասել է, որ ընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք առաջարկում է Մոսկվայի նախագիծը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Փաշինյանը նաև հավելել է, որ սահմանազատման աշխատանքների մեկնարկից առաջ հարկավոր է բարձրացնել անվտանգության մակարդակը Ադրբեջանի հետ սահմանին, ինչպես նաև լուծել հայ գերիների հայրենադարձման և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը։
«Մեզ համար շատ կարևոր է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ռուս խաղաղապահների պատասխանտավության գոտուց Լեռնային Ղարաբաղում․․Ի հեճուկս բարձր մակարդակով պայմանավորվածության, ադրբեջանական զորքերը մինչ օրս չեն հեռացել ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հուսով ենք, այդ հարցը այսօրվա քննարկումների արդյունքում կլուծվի»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, որ ևս կողմ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և պատրաստ է ցանկացած պահի գնալ դրան, սակայն շեշտել է, որ դրանք պետք է լինեն Երևանի լիակատար հսկողության տակ։
Հոկտեմբերի 31-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը հնարավոր է փաստաթղթի ընդունում, որը հիմք կծառայի ապագա խաղաղության պայմանագրի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հնարավոր է, որ անդրադարձ լինի նաև ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարացնելու առաջարկին։
Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։