Ամերիկացի հայտնի երգչուհի, «Գրեմմի» բազմակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իր հետաձգված երևանյան համերգին՝ նշելով, որ աշխատում են նոր ամսաթիվ որոշելու ուղղությամբ։
«Մենք աշխատում ենք Երևանում HAYAFestival-ի շրջանակում իմ հետաձգված համերգի անցկացման նոր օր ընտրելու ուղղությամբ։ Նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ ավելի հարմար ժամանակ լինի դրա համար»,-ասվում է գրառման մեջ։
«Հայա» փառատոնի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են։
«Հայա» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում»,-ասվում էր կազմակերպիչների ավելի վաղ տարածված հայտարարության մեջ։
Համերգը կայանալու էր հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում: Տոմսերի արժեքը 15,000–100,000 դրամ է։