22 նոյեմբերի 2022 - 14:17 AMT
ՀՊՏՀ մասնաճյուղում չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել:

«Տեղում իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 22-ին` ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարհանվել էր մոտ 400 ուսանող և 35 դասախոս։