26 նոյեմբերի 2022 - 11:36 AMT
Պուտինն ԱԽ նիստում խոսել է Փաշինյանի հետ հանդիպման և ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի արդյունքներին մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր հայաստանյան այցին, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի արդյունքներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Օրերս, ինչպես գիտեք, Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այնտեղ բազմակողմ ձևաչափում, այնուհետև Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը եղան մի քանի հարցեր, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Եկեք այդ մասին էլ խոսենք»,- ասել է Պուտինը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից: ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Photo. TASS