29 նոյեմբերի 2022 - 10:38 AMT
Բայրամովն ու Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը

Ադրբեջանում գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերը, գրում է Interfax.az-ը։

Հանդիպման ժամանակ Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին և ասել, թե «Հայաստանը լիովին դուրս չի բերել իր զինվորականներին»։

Բայրամովը նաև պատմել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ Բաքվի մոտեցումների մասին»։

Ռիքերը, իր հերթին, հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ բոլոր միջոցներով աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև կարևորել խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ բանակցությունները։

Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ Ֆիլիպ Ռիքերն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում են։ Նա տեղեկացրել էր, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին։