29 նոյեմբերի 2022 - 11:50 AMT
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայում Մակրոնի խորհրդականի և այլ պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգային օրակարգի հարցեր

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնը և հանդիպման մասնակցի այլ պաշտոնյաները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկան և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն։

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։