30 նոյեմբերի 2022 - 11:53 AMT
ԱԱԽ քարտուղարն անվտանգային իրավիճակը քննարկել է ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ

Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ հանդիպմանը քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդները, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը:

Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:

Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ:

Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալվել են անկեղծ զրույցներ:

Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնը և հանդիպման մասնակցի այլ պաշտոնյաները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։