1 դեկտեմբերի 2022 - 11:08 AMT
Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն ընդունել է ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.

-Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;

-Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;

-Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);

-Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;

-Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։ Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։