1 դեկտեմբերի 2022 - 18:53 AMT
Մենենդեսը՝ Քվիենին․ Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «ցեղասպանություն»

ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանում դեսպանի պաշտոնին առաջադրված Քրստինա Քվիենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ իր հայկական ծագումով ընկերներից լսել է Հայոց ցեղասպանության մասին։

«Ես մեծացել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյում, ուր գտնվում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Իմ ուսուցիչներն ու հայկական ծագում ունեցող ընկերները պատմում էին օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, որը ստիպեց նրանց ընտանիքներին նոր հայրենիք փնտրել Ամերիկայում»,- նշել է Քվիենը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսն այս առիթով արձագանքել է․«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «ցեղասպանություն»:

Քվիենը նշել է, որ պարտավորվում է անել հնարավորինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագան աջակցելու ուղղությամբ: Այս հարցում նա կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները:

Սենատոր Մենենդեսը իր խոսքում նշել է՝ սա Հայաստանի համար դժվար ժամանակներ են: «Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամին, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում», -ասել է սենատորը:

«Մենք պետք է իմանանք, թե արդյոք ադրբեջանական կողմը իրականացրել է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել, թե արդյոք պետք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ արդյոք այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճիշտ են, թե ոչ, կամ մի գուցե մասամբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարող եմ, արդյո՞ք, այս հարցում ապավինել Ձեր վրա»,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը:

«Այո, սենատոր կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը:

Իր խոսքում Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քվիենը ներկայացրեց նշանակման դեպքում իր առաջնահերթությունները, որոնք ներառում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի աջակցությունը, ազատ գործարար միջավայրի և քաղաքացիական հասարակության զարգացումը, խոսքի ազատության պաշտպանությունը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն ու դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացումը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար»,- շեշտել է նա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ գործող Լին Թրեյսիի թեկնածությունն առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել են նաև Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենի վերաբերյալ լսումները:

Ընթերցեք նաև․ Թրեյսին ԱՄՆ Սենատի կոմիտեում ասել է` ՀՀ-ն դժգոհ է ՌԴ հետ հարաբերություններից