2 դեկտեմբերի 2022 - 10:32 AMT
Ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել լուսազարդարման աշխատանքները Հրապարակում

Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել լուսազարդարման աշխատանքները Հանրապետության հրապարակում և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ։ Այդ մասին ասվում է պալատի հայտարարության մեջ։

«Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պարզաբանում է պահանջում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես՝ առկա՞ է արդյոք նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։

Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել, արժևորել և պահպանել ոչ միայն մայրաքաղաքի թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ Հանրապետության հրապարակի շենքերը¸ որոնք պահպանվում են որպես մշակութային ժառանգություն, վնասվում են՝ ծակծկվելով տոնական լուսավորության տեղադրման նպատակով, ինչը վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ կառույցի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո «վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով»։

Ընթերցեք նաև․ Լուսավորության համար ծակել են թամանյանական շենքերը․ Քաղաքապետարանը խոստանում է «լցնել անցքերը»