2 դեկտեմբերի 2022 - 11:17 AMT
Միրզոյանը՝ ԵԱՀԿ համաժողովում․Կարևոր է պահանջել Ադրբեջանի ԶՈւ ամբողջական դուրսբերումը ՀՀ-ից

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովում իր ելույթում ասել է, որ կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

«Սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Նույնքան կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը։

Ավելին, նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120,000 մարդու համար «կյանքի ճանապարհ» է»,-ասել է նա։

Միրզոյանը հավելել, էրո չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, Հայաստանը չի դադարեցրել հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ բանակցությունները։

«Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբԱդրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունըկխթանեն այս գործընթացը:

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում»,-ասել է նա։

Միրզոյանը Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունն է հայտնել ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։

«Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել քան երբևէ կարևոր են: Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։