2 դեկտեմբերի 2022 - 11:36 AMT
ՔՊ-ն չի համաձայնել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծին

Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ։ Այդ մասին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հայտնում է «Ազատությունը»։

Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների։ Բացառելով Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծեր, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։

Նախքան արտահերթ նիստը՝ դեկտեմբերի 1-ին ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիրներն իշխանական պատգամավորների հետ քննարկել են հայտարարության նախագիծը՝ փորձելով համաձայանության հասնել։ Ու թեև, ըստ Մինասյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած փոփոխությունների մեծ մասն իրենց կողմից ընդունելի են եղել, իշխանական պատգամավորները համաձայնության չեն եկել։

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ դեկտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը իշխանական մեծամասնությունը չի տապալի, բայց ընդդիմադիրների հեղինակած հայտարարության նախագիծը չի ընդունի, եթե այն չփոփոխվի։