2 դեկտեմբերի 2022 - 12:15 AMT
«Ապրելու երկիր»․ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագրի հիմք հանդիսացող ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը վավերացրել է վերապահումներով

«Ապրելու երկիր» կուսակցությունն արձագանքել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցին՝ նշելով, որ Ալմաթիի հռչակագրի հիմք հանդիսացող Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը ՀՀ գերագույն Խորհուրդը 1992թ. փետրվարին վավերացրել է վերապահումներով։

Հայտարարության մեջ ասվում է․ «Ապրելու երկիր» կուսակցությունը տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման գերակայությունը միանշանակ ընդունելով հանդերձ, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հայտարարությունը պարունակում է որոշակի անհստակություններ՝ կապված Հայաստանի՝ Ալմաթիի հռչակագիրն առանց նախապայմանների ստորագրելու հետ։

Մասնավորապես, հայտարարության մեջ նշված Հայաստանի համար գործում է Համաձայնագրի 5-րդ հոդվածը՝ հետևյալ կարևոր բովանդակությամբ՝ «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Ավելին, Հռչակագրում օգտագործված բառապաշարը՝ «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» վերաբերել է գոյություն ունեցող սահմաններին, որոնք Ադրբեջանի մասով հարաբերական են եղել հենց Արցախի Հանրապետության գոյության փաստի ուժով, ինչը նշանակում է, որ հստակ սահմանազատում չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև նախ այդ սկզբունքը մեխանիկորեն գործող սկզբունք չէր և կիրառվել է միայն Հարավային Ամերիկային և Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ համաձայնության առկայության ու շատ խիստ պայմանականություններով, իսկ այնուհետև՝ Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես անկախ պետություններ, մինչև նշված Հռչակագրի վավերացումը, երբևէ սահմանազատում և սահմանագծում չեն արել, որպեսզի գոյություն ունենար Հռչակագրում նշված սահմանը։

Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի շրջանակներում ընթացած բանակցությունները, որոնք տևել են երկուսուկես տասնամյակ, ուղղված են եղել համաձայնության գտնելուն հենց Արցախի կարգավիճակի հարցում, այլ ոչ թե Ալմա-Աթայի Հռչակագրի՝ պարոն Լավրովի մեկնաբանության հաստատմանը»։

Նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, վերահաստատելով, որ ՀՀ համար ԱՊՀ շրջանակներում պետք է գերակա մնա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ անկախ որևէ ստորագրված հայտարարության և պայմանագրի, ևս մեկ անգամ ընդգծում է, որ »Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը կապվում է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ։

Նա ընդգծել է, որ Պրահայում քառակողմ հանդիպմանը այդ թվում նաև հայկական կողմի ստորագրած համաձայնագիրն այն մասին, որ խաղաղության պայմանագիրն ու սահմանազատումը պետք է իրականցվեն ՄԱԿ կանոնադրության և Ալմաթիի հռչակագրի հիման վրա, լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ըստ նրա, Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են ԱՊՀ և հաստատում են սահմանների անխախտելիությունը՝ այն սահմաններում, որոնք կային ԽՍՀՄ հանրապետությունների միջև։