2 դեկտեմբերի 2022 - 12:47 AMT
Թևանյան․ ՔՊ–ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը

ՔՊ–ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը. հայտարարության տեքստից ջնջել էր Հանրապետություն ձևակերպումը։ Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներ են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ԱԺ հայտարարությունն ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։

«Մեզ մոտ գրված է` «Պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իսկ իրենք առաջարկում են գրել «Հարձակում ԼՂ հայության վրա»։ Սա մեզ համար ընդունելի չէ։ Ինքնորոշման իրավունքի իրացման ձևակերպմանը նույնպես ՔՊ–ն կողմ չէ և ջնջել են այդ ձևակերպումը, ինչպես նաև հանել էին «Շուշիի հռչակագրի» դատապարտումը, քանի որ դեմ էին դրան։ ՔՊ–ն հանել է նաև ՀՀ հանձնառությունն ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով»,–ասել է Թևանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ հակասություն ունի իշխանության այն մոտեցումների հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից։

«Մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի հետապնդումն այն կարևորագույն երաշխիքներից է, որն ապահովելու է արցախահայության համար անվտանգություն, իրավունքներ։ Այն ապահովելու է նաև Հայաստանի անվտանգությունը։ Ֆունդամենտալ չենք ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել»,–ասել է Թևանյանը։

Նա հավելել է, որ չեն ընդունում նաև այն գնահատականը, թե Արցախը մեզ համար բեռ է և չի կարելի Արցախը պահել։ Թևանյանը նշել է` Արցախի հանձնման գնով հնարավոր չէ խաղաղության հասնել, այլ ճիշտ հակառակը` այն բերելու է պատերազմի և պարտության, ապա Հայաստանի կապիտուլյացիային։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված են` արցախահայության իրավունքների պաշտպանությամբ պաշտպանում են ոչ միայն Ստեփանակերտը, այլ նաև Գորիսը, Երևանը, Գյումրին... Թևանյանը նշեց` ԼՂ կարգավիճակի հարցը պետք է քննության առարկա դառնա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ավելի վաղ ասել էր, որ Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ։

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ դեկտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը իշխանական մեծամասնությունը չի տապալի, բայց ընդդիմադիրների հեղինակած հայտարարության նախագիծը չի ընդունի, եթե այն չփոփոխվի։