2 դեկտեմբերի 2022 - 14:06 AMT
Ավինյան․ Դեռ շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության, պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վրա ամանորյա լուսավորության համար ընթացող աշխատանքների ընթացքում հայտնված մետաղյա ձողերն ու անցքերը վերագրել է «նախկին ժամանակներին», գրում է «Փաստինֆոն»։

«Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում է լինելու գարնանը»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ պատմամշակութային արժեքների վերաբերյալ ունեն ծրագրեր, որոնց մասին կխոսեն հետագայում։

Անդրադառնալով քաղաքի լուսավորման աշխատանքների ընթացքում լույսերը շենքերին փակցնելու և այդ ընթացքում պամամշակութային արժեք ունեցող շենքերի վնասմանը՝ Ավինյանը վստահեցրել է, որ քաղաքացիների մտահոգությունը փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում անվնաս վերադարձ լինի շենքերին։

Հարցին՝ կա՞ն հաշվարկներ, թե որքան վնաս է կրել քաղաքը՝ Ավինյանը պատասխանեել է. «Վնաս՝ որպես այդպիսին քաղաքը չի կրել։ Այսինքն, այն թեմաները, լուսանկարները, որոնք շրջանառվել են համացանցում և դա կապվել է քաղաքապետարանի կատարած աշխատանքի հետ, իրականության հետ կապ չունեն։ Այսինքն՝ փոսերը, զարդանախշերի մեջ «բոլտերը», ձողերը, դա մեր կատարած աշխատանքի հետ կապ չունի։ Այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, որոնք մեր կատարած աշխատանքի ընթացքում արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ նաև այդ աշխատանքին»։

Ավինյանը վստահեցրել է՝ լուսավորության համար քաղաքին վնաս չի հասցվել։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ավելացրել է՝ պարզելու համար, թե արդյո՞ք Հրապարակի շենքերի վրա անցքերը, ձողերը, «բոլտերը» քաղաքապետարանի աշխատանքների հետ կապ ունեն, մեծ հետաքննություն պետք չէ։

«Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի։ Լավ, եթե անգամ չեն ֆայմել, թեև մենք մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ երբեք չենք ունեցել նման վերաբերմունք, որ պատկերացնենք, որ կարելի է զարդանախշի մեջ բոլտ ավելացնել, բայց լավ, եթե ենթադրենք ամրացվել է, բա վրայի լուսավորությունն ու՞ր է։ Եթե այդ պրիմիտիվ հարցը մարդն իրեն տար, կհասկանար, որ դա այս ծրագրի հետ կապ չունի»,- ասել է նա։

Լրագրողը հակադարձել է՝ շենքի վրա եղել է առնվազն 5000 անցք, պտուտակ, դրանց հանելու դեպքում արդյո՞ք վնասվածքներ չեն լինելու, ու նշել՝ զրուցել են ճարտարապետների հետ, որոնք հաստատել են դա։

Փորձել է պարզաբանել Գրիգորյանը՝ նշելով, որ վնաս չի լինելու, միջամտությունն այն միջամտությունն էր, որը ողջամիտ էր և հետևանքները կվերացվեն՝ այն, որ զարդանախշերի վրա չի կարելի ոչինչ ավելացնել, բազմիցս քննարկվել է կապալառուի հետ, հատուկ նշվել, իսկ այն ծակերը, որոնք արվել են և իրենք չեն հերքում, որ արվել են, դա այլ է, զարդանախշի մեջ մտցված հեղույսը ներկայացնելը որպես դա՝ այլ է։

Ընթերցեք նաև․ Լուսավորության համար ծակել են թամանյանական շենքերը․ Քաղաքապետարանը խոստանում է «լցնել անցքերը»