2 դեկտեմբերի 2022 - 15:37 AMT
Ամանորյա միջոցառումների վրա ընդհանուր կծախսվի մոտ 285 միլիոն դրամ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով տոնական նախապատրաստական աշխատանքները, հայտնել է, որ ամանորյա միջոցառումների փաթեթի վրա ընդհանուր կծախսվի մոտ 285 միլիոն դրամ, լուսավորությունն էլ լինելու է բացառիկ։

Ամանորյա գլխավոր համերգը լինելու է Հանրապետության հրապարակում՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին:

Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում կկազմակերպվի Սուրբծննդյան տոնավաճառ, որի դեկորացիաների և գեղարվեստական լուսավորության վրա կծախսվի 115 մլն դրամ, գրում է Sputnik Արմենիան։

Ավինյանը տեղեկացրել է, որ պուրակում համերգների անցկացման համար տեխնիկայի ձեռբերումը կարժենա 60 մլն դրամ, դեկտեմբերի 31–ի տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ, Հանրապետության հրապարակում տեղադրված վերգետնյա կամրջի համար կծախսվի 6 մլն 600 հազար դրամ, տնակների պատրաստման, տեղադրման և ապամոնտաժման համար կծախսվի մոտ 26 մլն դրամ։

Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների բաղադրիչ հանդիսացող Սուրբծննդյան տոնավաճառը կմեկնարկի դեկտեմբերի 5-ից և կտևի մինչև հունվարի 6-ը:

«Ավելի քան 40 տոնական տնակում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարբեր տնտեսվարողների կողմից: Երևանցիներին առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն»,-ասել է նա։ :

Բացի այդ, փոխքաղաքապետի խոսքով, նույն պուրակում կազմակերպվելու է 7 տոնական համերգ: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, իսկ վերջին համերգը կլինի հունվարի 6-ին:

Դեկտեմբերի 5–ին Երևանում կտրվի ամանորյա տոնական ծրագրի մեկնարկը, միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացած կլինի Հանրապետության հրապարակում և 2750–ամյակին նվիրված պուրակում։

«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, և վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքից: «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգընթաց կմիանան Երևանի գլխավոր տոնածառի լույսերը, Հանրապետության հրապարակի, Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի, Հյուսիսային պողոտայի, Հաղթանակ և Կիևյան կամուրջների, ինչպես նաև Մարզահամերգային համալիրի լուսավորության համակարգերը։ Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին»,–ասել է նա։

Ավինյանը վստահ է՝ այս տարի Երևանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով մրցույթը։

Ավինյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վրա ամանորյա լուսավորության համար ընթացող աշխատանքների մասին, ասել է, որ քաղաքացիների մտահոգությունը փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում անվնաս վերադարձ լինի շենքերին։ Նա ասել է նաև, որ դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում է լինելու գարնանը։