2 դեկտեմբերի 2022 - 16:30 AMT
Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին․ Ադրբեջանական ԶՈւ դուրսբերումը ՀՀ տարածքից առաջնահերթություն է

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ու առկա հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը հայկական կողմի համար հանդիսանում են առաջնահերթություններ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի լարվածության նվազմանն ու կայունության հաստատմանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովում ունեցած ելույթում հայտնել է, որ հայկական կողմը 233 զոհ է ունեցել, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։