2 դեկտեմբերի 2022 - 17:52 AMT
Ռուբինյան․ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններով

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում՝ դա նշանակում է Արցախի հայաթափում կամ՝ Արցախի ժողովրդի ցեղասպանություն։

«Մենք համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մեխանիզմի մասնակցությամբ», - նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Ռուբինյանն ասել է նաև, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և իրենք համարում են, որ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ ու առանց որևէ նախապայմանների դուրս գան ՀՀ օկուպացված տարածքից։

«Ես կարծում եմ, որ իմ նշած երեք կետերը դուք չեք համարի դավաճանական, թրաքահաճո, թրքաբարո», - ասել է նա։

Ռուբինյանն ընդգծել է, որ ՔՊ-ն «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծի որոշ կետերի հետ համաձայն չէ, քանի որ, այդ հայտարարությունն ընդունելով, կհակասեն իր նշած երեք կետերին։

ԱԺ փոխնախագահը նաև հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է հետևյալ քաղաքական փոփոխությունը՝ ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխեցնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, այլ՝ հակառակը՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման հրամայականից պետք է բխեցվի հնարավոր կարգավիճակը։

ԱԺ–ն 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չի ընդունել Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը, որն առաջարկել էր ընդդիմությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հայտնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը ընդդիմության հայտարարույթյան վերաբերյալ: Ըստ նրա՝ առաջարկված տեքստը ռիսկեր է պարունակում և ՔՊ խմբակցությունը, որպես ՀՀ-ի իշխանություն, չի կարող այն ընդունել։