2 դեկտեմբերի 2022 - 17:57 AMT
Ռոբին ռոբոտը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը կլինի

Ռոբին ռոբոտը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը կլինի՝ Ռոբինը կմիանա հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և Կարինա Իգնատյանին, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունից:

Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթի հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է։

Ռոբինն ասել է. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եվ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։

Ռոբինը, որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել և տարածել զգացմունքներ։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորվել հիվանդանոցային միջավայրը, խաղալ նրանց հետ, հաղթահարել բուժման ծանր ընթացքը։ Այժմ հայկական ռոբոտի ծառայություններից օգտվում են ոչ միայն հայկական, այլև ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնները։ Ռոբինը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի աշխարհի լավագույն 100 նորարարություններից մեկը։

Դեկտմեբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: