2 դեկտեմբերի 2022 - 18:48 AMT
Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

«2021 թվականից Բաց հասարակության հիմնադրամներում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որը նախատեսում է ամբողջ աշխարհում Բաց հասարակության հիմնադրամների ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում և անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի:

Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։

Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2023-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Նշվում է նաև, որ այս նոր կառույցը «մինչև 2025-ը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից»։

Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը հանրության շրջանում առավելապես հայտնի է որպես «Սորոսի» հիմնադրամ։