2 դեկտեմբերի 2022 - 19:03 AMT
Աղաջանյան. ՀՀ–ն համաձայնել է Արցախի ինքնորոշման հարցն ապագային թողնել ՌԴ-ի առաջարկով

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է Արցախի ինքնորոշման հարցը թողնել ապագային Ռուսաստանի առաջարկով։

«Ռուսական կողմից եղել է առաջարկ, հայկական կողմը տվել է իր համաձայնությունը։ Կարգավիճակի քննարկմանը վերադառնալու հնարավորությունը կամ անհնարինությունը պետք է որոշի ռուսական կողմը։ Սակայն դա պետք է անել ոչ թե այն բանի հիման վրա, թե ինչ փաստաթուղթ է ընդունել Հայաստանը, այլ հաշվի առնելով, թե Ռուսաստանը որպես միջնորդ որքանով կարող կյանքի կոչել այդ առաջարկը», - ասել է Էդուարդ Աղաջանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Լրագրողը նշել է, որ ՌԴ արտաքին գործերին նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ այդ հարցը չի կարող մնալ ապագային, որովհետև Ալմաթիի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս է կազմում ու փաստացի, եթե Պրահայում այդ պայմանագիրը չստորագրվեր, հարցը հնարավոր կլինել թողնել։

«Ես անհնարինության դրույթներ չեմ տեսնում այդ հայտարարության մեջ։ Կարծում եմ, որ որևէ հնարավորություն չի կորսվել։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավոր չի լինի այդ հարցին անդրադառնալ»,-պատասխանել է Աղաջանյանը։

Ըստ պատգամավորի` այս թեմայի հետագա քննարկումները կախված կլինեն ոչ թե Ալմաթիի հռչակագրից, այլ նրանից, թե որքանով ռուս գործընկերները կկարողանան իրականացնել այն առաջարկը, որին հայկական կողմը տվել է իր համաձայնությունը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ նա նշել է, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի իրավիճակը փակուղի չմտնի։

Դեկտեմբերի 1-ին Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հոկտեմբերի վերջին կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա: Լավրովը նշել էր, որ Ալմաթիի հռչակագրով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ–ի մաս էր կազմում։ Լավրովը նաև ասել էր, թե հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։