17 ապրիլի 2009 - 15:57 AMT
Ալեքսանդր Գրիգորյան. «Մեր դերասանների խաղը 13 անգամ ընդմիջվել է ծափահարություններով»
ԱՊՀ եւ Բալթիայի երկրների թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» 11-րդ միջազգային թատերական փառատոնի Կիրիլ Լավրովի անվան պատվավոր մրցանակը շնորհվել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին «Կրքեր ռեվիզորի շուրջ» ներկայացման համար, որը բեմադրվել է Գոգոլի «Ռեվիզորը» պիեսի մոտիվներով: «Ինձ համար Լավրովի անվան մրցանակը առանձնակի կարեւորություն ունի: Սա մեծ դերասանի, հասարակական գործչի անվան մրցանակ է, որը շատ բան է արել ռուսական թատրոնների զարգացման համար ԱՊՀ-ի եւ Բալթիայի երկրներում»,-ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Ապրիլի 1-8-ը Սանկտ Պետերբուրգում ընթացող փառատոնին մասնակցել են 14 երկրների ռուսական թատրոններ, ներկայացնելով 15 բեմականացում: Նշելով ռուսական ազգային թատրոնի հզորությունը` Գրիգորյանն ընդգծել է. «Մենք հպատր ենք, որ պաշտպանում ենք մեր թատերական Հայաստանի գույները»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ուրախությամբ նշեց, որ մեր դերասանների խաղը 13 անգամ ընդմիջվել է ծափահարություններով, իսկ գլխավոր դերակատարների աշխատանքը շատ բարձր գնահատվեց ինչպես պրոֆեսիոնալնենրի, այնպես էլ հանդիսատեսի կողմից: «Այս հաղթանակն անսպասելի չէր ինձ համար, ես գիտեի, որ ներկայացումը շատ բարձր գնահատական կստանա: Եվ ակնհայտ է, որ Ալեքսանդր Գրիգորյանը լավ հիմք է դրել նաեւ հետագա հաղթանակների համար»,-ասել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա խոքերով, ռուսական թատրոնի հաղթանակը փառատոնում ունի ոչ միայն մշակութային, այլ նաեւ պետական նշանակություն Հայաստանի համար: Մշակույթի նախարարության ժամանակակից եւ ժողովրդական արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ռազմիկ Աբրահամյանը հարկ է համարել նշել, որ ՌԴ մշակույթի նախարարությունն ու ԱԳՆ-ն տարիներ շարունակ մեծ ուշադրություն են հատկացնում հետխորհրդային երկրներում գործող ռուսական թատրոններին: