3 դեկտեմբերի 2022 - 15:36 AMT
ԱՀԿ․ Մոլորակի բնակչության 90%-ը Covid-19-ի դեմ իմունիտետ ունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մոլորակի բնակչության 90 տոկոսը Covid-19-ի դեմ իմունիտետ ունի, որն առաջացել է հիվանդության կամ պատվաստման արդյունքում։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը։

«ԱՀԿ գնահատականով, աշխարհի բնակչության առնվազն 90%-ը SARS-CoV-2-ի հանդեպ իմունիտետի որոշակի մակարդակ ունի՝ նախորդող վարակի կամ պատվաստման հետևանքով»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թեդրոսը հավելել է, որ կորոնավիրուսից մահացության օրական ցուցանիշը մի փոքր նվազել է, սակայն նախորդ շաբաթ մահացել է ավելի քան 8500 մարդ։

«Դա անընդունելի է պանդեմիայից 3 տարի անց, երբ այդքան գործիքներ կան վարակի կանխարգելման և կյանքեր փրկելու համար»,-ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ «օմիկրոնի» ավելի քան 500 ենթաշտամ կա։

Հայաստանում նոյեմբերի 21-27-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,737-ի` ավելանալով 106-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 710 դեպք կա։

Առողջացածների ընդհանուր թիվը 434,866 է։ Փաստացի բուժվողների թիվը 301 է։