ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան, մի դեպք է նկարագրել, որի մասին իմացել է։
«Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս։ Մարդկանց վերաբերմունքի պատճառով։ 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդ տղան ստիպված է տեղաշարժվել սայլակով։ Բնակվում է բազմաբնակարան շենքում։ Տղայի ելումուտն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դեպի շենքի մուտք թեքահարթակ կառուցվի, ինչին ընդդիմանում են բնակիչները՝ պնդելով, որ աստիճանավանդակը կնեղանա և իրենց անհարմար կլինի։
Սա էլ է մեր իրականության մաս։ Ներառականությունը խոսքեր չեն, մեր ապրելու ձևն է»,-ասվում է գրառման մեջ։
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը խթանելու նպատակով՝ պետական հավաստագրերի հիման վրա շարունակվում է նաև աջակցող միջոցների տրամադրումը․ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում 8262 անձի տրամադրվել է մոտ 20,000 աջակցող միջոց։