17 ապրիլի 2009 - 16:20 AMT
Թուրք լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չի կայանա
Թուրք լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չի կայանա: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին իրազեկ աղբյուրներից, պատճառը նրանում է, որ թուրք լրագրողները չեն ցանկացել «հասկանալ», որ այլ երկիր են մեկնում եւ նրանց մուտքի վիզա է հարկավոր: Թուրքական ԼԶՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ցանկացել էին Ստեփանակերտ այցելել, առաջարկվել է նամակ գրել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի անունով: Սակայն թուրքերը համարել են, որ կարելի է բավարարվել ուղղակի «պարոն Պետրոսյան» դիմումով: Երբ նրանց երկրորդ անգամ են ասել, թե ում նրանք պետք է դիմեն ինքնիշխան պետության տարածք մուտքի վիզա ստանալու համար, նրանք գրել են «հարգելի պարոն Գեորգի Պետրոսյան», չնշելով նրա պաշտոնը: Հասկանալի է, որ նման «անհասկացողությունից» հետո, ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է արտոնել ուղեւորությունը: Ճիշտ է, ավելի ուշ, իրենք թուրք լրագրողները հայտարարեցին, թե փոշմանել են մեկնել Ստեփանակերտ:
ԼՂՀ արտերկրի քաղաքացիների մուտքի համար գործում են նույն նորմերը, ինչ ողջ աշխարհում` անհրաժեշտ է ստանալ Ղարաբաղի մուտքի արտոնագիր Երեւանում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Մի խումբ թուրք լրագրողներ, որոնք Հայաստան էին ժամանել ՍԾՏՀ ԱԳՆԽ գագաթնաժողովին, ապրիլի 18-ին մեկօրյա այցով մտադիր էին լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: