5 դեկտեմբերի 2022 - 13:12 AMT
Мonumentwatch. Նոր փաստեր Մեծ Թաղերի գերեզմանատան, դպրոցի և Սբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Мonumentwatch.org կայքը նոր փաստեր է հրապարակել ադրբեջանցիների կողմից Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին, BBC-ի հոդվածի վրա հղումով։

2022-ի նոյեմբերի 10-ին BBC News-ի թղթակից Օլգա Իվշինան՝ Լեռնային Ղարաբաղ լրատվականի այցելությունից հետո, հրապարակել է «Հաղթանակի ցուցադրություն․ ինչպես է ապրում Ղարաբաղը 2 տարի անց» ծավալուն հոդվածը, որտեղ հստակ նկարագրություններով ու մանրամասներով ներկայացված են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան, գյուղի դպրոցի և Սբ Աստվածածին եկեղեցու ադրբեջանական ոչնչացումները ու պղծման գործողությունները:

Նշվում է, որ լրագրողն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է նաև «Մեծ Թաղեր» կոչվող գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման փաստին և նշել, որ 100 տարի առաջ այստեղ հայեր են ապրել, ովքեր փախել են պատերազմից։ Այնուհետև, նկարագրելով գլխավոր ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող գյուղը, և այնտեղ 1846-ին կառուցված Սբ Ամենափրկիչ եկեղեցին, հոդվածագիրը բազմաթիվ մանրամասներ է հաղորդել այստեղ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման, պղծման, ինչպես նաև վանդալիզմի մի շարք այլ փաստացի գործողությունների մասին։

«Մուտքի փայտյա դռները կոտրված են, եկեղեցու դռան մոտ Հիսուս Քրիստոսի կոտրված քարե գլուխն է։ Մուտքի կամարի տակ եկեղեցու դետալների փշրանքներ են։ Հյուսիսային պատի մոտ գտնվող հին տապանաքարերից մի քանիսը կոտրված են, իսկ ոտքերի տակ գլորվում են սպիտակ քարեր: Աղոթասրահի կենտրոնում փայտե նստարան է՝ ծածկված փոշու հաստ, հավասար շերտով։ Եվս մեկը՝ շրջված, ընկած է մոտակայքում։ Երրորդ նստարանը ինչ-ինչ պատճառներով հենված է Ավագ խորանին։ Խորանի վրա և որոշ պատերի վրա կարմիր մեծ տառեր են՝ անուններ, որոնք այստեղ թողել են ադրբեջանցի զինծառայողները, ովքեր 2020-ի աշնանը առաջինն են մտել գյուղ։ Եկեղեցական կահ կարասուց գրեթե ոչինչ չի մնացել։ Ադրբեջանցիները թողել են միայն պատռված սրբապատկերի կեսը»,-ասվում է հոդվածում։

Լրագրողն անդրադարձել է նաև Մեծ Թաղեր գյուղին, որտեղից բռնի տեղահանվել են արցախցիները պատերազմի հետևանքով՝ նկարագրելով գյուղի լքված կյանքը․ կոտրված դարպասներ, փշրված ապակիներ, ինչ որ մեկի մեքենայի ժանգոտվող մետաղ և այլն։

Լրագրողն անդրադաձել է նաև գյուղի եռահարկ դպրոցին, նշելով, որ հայերի կողմից վերանորոգված դպրոցի պատերին հայերեն գրություններ կան։ Լրագրողը փաստում է դպրոցի գույքի թալանման մասին, միջանցքների պատերին գրված են ադրբեջաներեն բառեր։ Լրագրողը նշում է. «այն միջանցքները, որտեղ երկու տարի առաջ վազում էին երեխաները, այսօր դատարկ են»։

Հոդվածը թույլ է տալիս տեղեկանալ նաև Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան ավերման նոր փաստերի մասին։

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից 6 ամիս անց Caucasus Heritage Watch-ը, որը արբանյակային համակարգով Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում է իրականացնում, հրապարակել էր արբանյակային նկարներ, որոնք փաստում են գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից ավերման մասին։

Լրագրողը, հաստատելով գերեզմանոցի ավերման փաստը, նշել է բուլդոզերի տեսանելի հետքերի մասին և փասել, որ վերջինիս կիրառման հետևանքով կիսաքանդ տապանաքարերը ավերված գերեզմանոցի վերջին հետքերն են։

Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, այն իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Photo. BBC