5 դեկտեմբերի 2022 - 13:40 AMT
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. Թիրախում 0-14 տարեկաններն են

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 2022թ. 46-րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ինտենսիվության բարձրացում, որը 1․2 անգամ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ըստ նույն աղբյուրի՝ շտապօգնության կանչերի 9.7%-ը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, 2022թ. հոկտեմբեր-նոյեմբերին սպասարկել է սուր շնչառական հիվանդացությամբ դիմած 0-18 տարեկան 519 և թոքաբորբ ախտորոշմամբ՝ 132 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպասարկած դեպքերից ցածր է համապատասխանաբար՝ 34.3%- ով և 35.6%-ով: Այն համապատասխանում է նաև ՀՀ-ում գրանցված նախորդ տարվա ցուցանիշի համեմատ այս տարվա ցուցանիշի՝ 1․3 անգամ ցածր լինելուն:

Սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում քաղաքացիներին հորդորում են չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն վիրուսների բուժման համար, և անմիջապես դիմել Ձեր՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:

Նշվում է նաև, որ գրիպից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը: Այն նվազեցնում է սեզոնային գրիպի հետևանքով հոսպիտալացման հավանականությունը, հոսպիտալացման դեպքում՝ կրճատում է դրա տևողությունը և կանխարգելում է սեզոնային գրիպի հետևանքով հնարավոր մահվան դեպքերը։

Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%:

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: