5 դեկտեմբերի 2022 - 14:18 AMT
«Երևանի ավտոբուս»–ի վարորդները կվերապատրաստվեն Գերմանիայում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստման։ Այդ մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նրա խոսքով` վարորդների ընդունելության գործընթացը կրելու է ամենօրյա բնույթ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում Արարատի և Արմավիրի մարզից են։ Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության, որից հետո ամեն կիրակի մեզ մոտ կկազմակերպվի պրակտիկ ավտոբուսով երթևեկ»,– նշել է Թարփոշյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ գերմանական արտադրության 12–մետրանոց MAN մակնիշի ավտոբուս, որոնք Երևանում կլինեն 2023 թվականի մարտ–ապրիլ ամիսներին։