5 դեկտեմբերի 2022 - 15:14 AMT
Բելառուսում գուցե Հայաստանի առևտրի պալատ բացվի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը քննարկել են Բելառուսում Հայաստանի առևտրի պալատ բացելու հնարավորությունը, գրում է «Բելտան»։

«ՀՀ բոլոր սուպերմարկետներում կան բելառուսական տարբեր ընկերությունների ապրանքներ։ Մենք ավելի շատ բելառուսական ապրանք ենք ուզում տեսնել մեր շուկայում, բայց կարևորում ենք նաև մեր ընկերությունների զարգացումը։ Մեր կողմից կարող ենք առաջարկել սննդամթերքի և ալկոհոլի առաքումներ»,-ասել է Քերոբյանը։

Այդ առումով Քերոբյանը կարևորել է Բելառուսում Հայաստանի առևտրի պալատի բացումը՝ վերացնելու համար հայկական ալկոհոլի մատակարարման խոչընդոտները։

Նախարարը նշել է նաև, որ ՀՀ-ն հետաքրքրված է զարգացնելու գործակցությունը Բելառուսի հետ մեքենաշինության, շինարարության, ինչպես նաև ֆինանսական ոլորտներում։

«2022-ին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև աճել է գրեթե 2 անգամ, բայց մենք վստահ ենք, որ դա միայն սկիզբն է։ Մեր երկրները մեծ ներուժ ունեն, մենք գտնվում ենք նույն տնտեսական, մաքսային գոտում, ինչը թույլ կտա ՀՀ-ին և Բելառուսին զգալիորեն բարելավել երկու երկրների տնտեսությունները»,-ասել է Քերոբյանը։

2022-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $128.5 մլն՝ նախորդ տարվա համեմատ աճելով 206.2%-ով։