5 դեկտեմբերի 2022 - 16:12 AMT
Քրհետապնդում` նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ։ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010-ի ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:

Վ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն, ավելի քան 11 տարի՝ 2000-ի մայիսից մինչև 2011-ի նոյեմբեր ծառայության չի ներկայացել և պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է ՊՆ ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:

Մեկ այլ դեպքով, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011-ի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

Այսպիսով, Ս.Գ.-ն Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցել Գասպարյանի դստեր նկատմամբ։ Ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը 2015-ի մարտին դստերը՝ Յուլյա Գասպարյանին, նշանակել էր ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Մինչև 2018-ի մարտը նա զբաղեցրել է այդ պաշտոնը։ Յուլյա Գասպարյանն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել և դրա դիմաց ստացել է 8․8 մլն դրամ աշխատավարձ։