7 դեկտեմբերի 2022 - 13:46 AMT
Փոխնախարար․ ՀՀ և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի 10 ամսում ավելացել է 45․3%–ով

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի առաջին 10 ամսվա ընթացքում ավելացել է 45․3%–ով` հասնելով 565․6 մլն դոլարի։ Այդ մասին նախարարությունում Իրանի հետ բիզնեսի ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելուց հետո լրագրողներին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։

Ինչպես նշել է Արզումանյանը, 2021 թվականի համեմատ (390 մլն դոլարից ավելի) այս տարի կայուն աճ էր գրանցվել, որին հաջողվել էր հասնել նաև երկու երկրների առևտրային կցորդների աշխատանքի շնորհիվ, գրում է Sputnik Արմենիան։

«Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ աճ կլինի նաև դեկտեմբերին։ Արզումանյանի խոսքով` ցուցանիշը հիմնականում բարելավվել է հայկական արտադրանքի արտահանման հաշվին։ Փոխնախարարը կարծում է, որ Հայաստանը կարող է ավելացնել ծավալները։

«Հայկական արտադրանքը որակյալ է, համապատասխանում է իրանցի սպառողի ճաշակին։ Սակայն 80-միլիոնանոց շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ է սեփական տեղը գտնել»,–ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։

Նա կարծում է, որ երկու երկրների ապրանքաշրջանառության դինամիկայի վրա կարող է ազդել ԵԱՏՄ երկրների հետ Իրանի համագործակցության հաստատումը` հաշվի առնելով այն, որ միության երկրներից Իրանի հետ ընդհանուր սահման ունի միայն Հայաստանը։

«Այդպիսով` ԵԱՏՄ երկրների համար ապրանքները կտեղափոխվեն մեր տարածքով», – ասել է Արզումանյանը։

Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։ Այդ նպատակով էլ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում քննարկում էր կազմակերպվել։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին նոյեմբերի 8-ի հանդիպմանը կարևորել էին երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը: