9 դեկտեմբերի 2022 - 14:27 AMT
Կլաարը ՀՀ-ում իր բնորոշմամբ «առարկայական հանդիպումներից» հետո մեկնել է Թուրքիա

Երևանում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր բնորոշմամբ «առարկայական հանդիպումներից» հետո մեկնել է Թուրքիա։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Կարճ այց, բայց առարկայական հանդիպումներ ունեցա Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Իսկ այժմ՝ դեպի Ստամբուլ»,–ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի վերջին Ադրբեջան այցելած Կլաարը ասել էր, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում, կոմունիկացիաների բացմանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։