10 դեկտեմբերի 2022 - 12:56 AMT
ԱՀ ԱԺ նախագահ․ Արցախի լիակատար ազատության պայքարն ավարտված չէ՝ մեր ընտրած ուղուց շրջադարձ չկա

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում նշել է, որ Արցախի լիակատար ազատության պայքարն ավարտված չէ և արցախցիների ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա։

«Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Արցախում 3 տասնյակից ավելի է՝ դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր:

1991 թվականի այս օրն Արցախի բնակչությունը ԼՂՀ անկախության հանրաքվեով արտահայտել է անկախ պետություն ունենալու իր կամքն ու նվիրվածությունը, իսկ 2006 թվականի նույն օրը ժողովրդավարական և օրինական երկիր ստեղծելու պատրաստակամությամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը պատահական չէր ընտրված. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունը մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի անքակտելի մասն են:

Արցախահայությունը, հավատարիմ երկու հանրաքվեներով արտահայտած իր ցանկությանն ու անփոփոխ դիրքորոշմանը, այսօր էլ նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ պատրաստ է տեր կանգնելու և ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները, ապրելու, շենացնելու և զարգացնելու բազմաթիվ կորուստների ու զրկանքների գնով պահպանած պապենական հողը, պայքարելու իր իրավունքի ինքնորոշման արդարացի լուծման համար:

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։

Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:

Խաղաղություն մեր հայրենիքին, ամուր կամք, համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին», - ասվում է ուղերձում:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել է անկախության մասին համահանրապետական հանրաքվե:

Ընտրելու իրավունք ունեցող 132,328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108,736-ը (82․2 %), անկախությանը «կողմ» քվեարկել 108,615 (քվեարկողների 99․89 %-ը), «դեմ»՝ 24 (0․02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվել:

Հանրաքվեի անցկացման ընթացքին հետևում էր անկախ դիտորդների խումբը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամփոփեց համապատասխան Ակտում:

ԼՂՀ ադրբեջանական բնակչությունը հրաժարվել է մասնակցել հանրաքվեին։ Փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային՝ ակտիվ մասնակցություն ունենալով դրանում։ Հանրաքվեի օրը Ստեփանակերտը և հայկական այլ բնակավայրեր ենթարկվել են գնդակոծության, որի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 11 խաղաղ բնակիչ: